«Շատ խելամիտ որոշում է»․ԱՆ Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետը՝ Մարալիկի ծննդատան փակման մասին
Մարալիկի առողջության կենտրոնում փակվում են մանակաբարձական մահճակալները, այնտեղ բաժանմունք չի եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության Մայրական եւ վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։
«Այնտեղ բաժանմունք չի եղել, քանի որ բաժանմունքն ունի որոշակի չափանիշներ, կադրային հագեցվածություն, սարքավորումային հագեցվածություն եւ գործառույթներ, ինչպես նաեւ սպասարկվող ազգաբնակչություն։ Մարալիկի առողջության կենտրոնը վերջին տարիներին ունենում է 110 ծննդաբերություն, այսինքն շաբաթական 1 կամ 2 ծննդաբերություն։ Չկա կադրային պահանջվող հագեցվածությունը, չկա վիրահատող մանակաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, հետեւաբար թողնել մանակաբարձական մահճակալների հետագա ծավալումը վտանգ է ներկայացնում մայրացող կանանց եւ նորածինների համար։ Օրինակ՝ կինը ծննդաբերեց, ընկերքը չի անջատվում, եւ կինը արյունահոսում է, պահանջվում է շտապ արգանդի հեռացում, չկա վիրահատող մանակաբարձ-գինեկոլոգ, չկա անեսթեզիոլոգ, չկա նեոնատոլոգ, ով պետք է այդ կնոջը օգնի, փրկի նրա կյանքը։ Բոլոր մայրացող կանայք իրավունք ունեն ստանալ բարձր որակի մանաբարձական եւ ընդհանրապես բուժօգնություն։ Կարծում եմ՝ սա շատ խելամիտ որոշում է, ժողովրդին պետք է բացատրել»,-նշեց նա։
Գայանե Ավագյանը նշեց, որ փակման որոշումը վերաբերում է 5-6 համայնքի․ «Մարալիկում ծննդաբերում են Մարալիկ ավանի, եւ մի քանի գյուղերի՝ Լանջիկ, Ձիթակնով, Քարաբերդ, Սառնաղբյուր, Գուսանգյուղ եւ Ձորակապ համայքների կանայք, մնացած համայնքրի համար ավելի հարմար է Գյումրին եւ Արթիկը։ Մենք այդ վերլուծությունը արել ենք, ուստի այս որոշումը վերաբերում է ոչ թե 17 համայնքների, այլ 5-6 համայնքի, որոնք տրանսպորտային շատ լավ հաղորդակցություն ունեն Գյումրիի, Արթիկի հետ»։