Ոստիկանության «մեղքով» ԱԱԾ-ն ու ՊՆ-ն զրկվեցին սեփական տնտեսումները տնօրինելու իրավունքից
Մենք ունենք երեք մարմին՝ ԱԱԾ, ՊՆ եւ ոստիկանություն, որոնք զբաղված են անվտանգության ապահովմամբ. Ի՞նչ տրամաբանությամբ է, որ դրանցից երկուսին հնարավորություն է տրվում առանց կառավարության որոշման գնումների գործընթացի արդյունքում տնտեսված միջոցները բաշխել իրենց կարիքների համար, իսկ մեկը այդ հնարավորությունից զրկված է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման քննարկման ժամանակ:
«Եթե չենք տալիս այդ հնարավորությունը, ասում ենք՝ բոլոր դեպքերում դա կառավարության նիստով է լինում, եկեք երեքին էլ չտանք նման հնարավորություն: Իսկ եթե տալիս ենք, երեքին էլ տանք»,-ասել է Փաշինյանը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ իրենց տեսակետն այն է, որ երեքին էլ չտրվի նման հնարավորություն, բացառություններ չլինեն: Սրան վարչապետն արձագանքեց. «Եթե համաձայն չեք, ինչո՞ւ եք այդ կարգավորումով բերել: Ես ուզում եմ այդ սուբյեկտիվիզմից դուրս գանք: Ասենք, այդ պահին ով ում հետ ինչ հարաբերություն է ունեցել, ով ումից կամ ինչից է նեղացած, այդ տրամաբանությունից դուրս գանք: Եթե կարելի է՝ կարելի է բոլորին, եթե չի կարելի՝ չի կրելի ոչ մեկին: Ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում այդ հարցերը պետք է գան կառավարություն, կառավարությունը որոշում կայացնի: Այդպես պետք է արվի»:
Դիտարկմանը, թե դա քննարկելու համար ժամանակ է պետք, Փաշինյանն ասել է. «Ի՞նչ ժամանակ, մեր կառավարությունում պրակտիկա է եղել, երբ 40-45 րոպեում որոշում է գեներացվել, մտել է կառավարության նիստ, որոշում է ընդունվել, որովհետեւ դրա անհրաժեշտությունը եղել է: Պետք է սկզբունքներ որդեգրել եւ դրանցով աշխատել:
Հիմա մարդիկ նայում են ու մտածում՝ հա, ուրեմն ԱԱԾ տնօրենն ու պաշտպանության նախարարը կարեցել են իրենց հարցը լուծել, ոստիկանապետը չի կարողացել: Ոչ, ոչ մեկն էլ չի կարողացել, երեքին էլ հանում ենք, կառավարությունը կորոշի»:
Այդ տեսքով էլ որոշումն ընդունվեց, առարկություններ չեղան: