2020-ին հնարավոր կլինի տերմինալներով գույքահարկ և աղբահանության վճար վճարել. Մարության
Երևանի ավագանին իրա այսօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստում սահմանեց Երևան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:
Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ այս նախագծով հիմնականում պահպանվել են 2019-ին գործող դրույքաչափերը. «Փոփոխությունը կապված է Աղբահանության եւ սանմաքրման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հետ: Ոչ բնակելի նշանակության շենք-շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի՝ սահմանելով հետեւյալը. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպի կայանների, ավտոկայանատեղիների, օդանավակայանի, երթուղային կայարանների, հանգստյան տների, բազաների, ճանապարհների, սպորտի համար նախատեսված շենքերի, շինությունների 1 քմ-ն սահմանվել էր 20-50 դրամ, հիմա առաջարկվում է 30 դրամ»,-ասաց Արմեն Հարությունյանը:
Բացի այդ, վարչակառավարչական, կապի, ինչպես նաեւ առողջապահության համար նախատեսված շենքերի, շինությունների մասով 1 քմ-ն օրենքով նախատեսվել է 15-20 դրամ, մենք առաջարկում ենք սահմանել 18 դրամ: Զորանոցների մասով մեկ քմ-ն սահմանված է 8 դրամ, եւ շենք-շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի ծառայության մատուցման մասով մեկ քմ-ն 50-100 դրամ է նախատեսված, առաջարկում է սահմանել 70 դրամ:
Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության համար նախատեսվում է սահմանել ըստ ծավալի՝ մեկ քմ աղբի համար 3 հազար դրամ, իսկ ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 հազար դրամ:
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ 2020 թվականին հնարավոր կլինի տերմինալներով գույքահարկ եւ աղբահանության վճար վճարել: