Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները վարչապետի պաշտոնում սատարել են Հասան Դիաբի թեկնածությունը
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները վարչապետի պաշտոնում սատարել են Հասան Դիաբի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է լիբանանյան Նորությունների ազգային գործակալությունը։
Տեխնոկրատ Հասան Դիաբը 2011-2014թթ․ զբաղեցրել է Լիբանանի կրթության նախարարի պաշտոնը։ Այսօր Բաաբդա պալատում անցկացվել են Լիբանանի նախագահ Միշել Աունի խորհրդակցությունները խորհրդարանական խմբակցությունների հետ, որոնք ավարտվել են նրանով, որ Դիաբը հավաքել է 128 ձայներից 69-ը՝ նոր կառավարություն ձեւավորելու եւ այն ղեկավարելու համար։
Դրանից հետո Միշել Աունը Հասան Դիաբին հանձնարարել է հինգշաբթի օրը ձեւավորել նոր կառավարությունը։ Վարչապետն իր առաջին ելույթում խոստացել է «Լիբանանի փրկության բարեփոխումների իրական ծրագիր» մշակել։ «Ես կիսում եմ ազգային շարժման պահանջը, որը ճիշտ ուղղություն է տվել քաղաքական կյանքին»,- ասել է Դիաբը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սակայն Դիաբի նշանակումը ցույցերի նոր ալիք է բարձրացրել Բեյրութում։ Բողոքական շարժման ակտիվիստները այժմ հանրահավաք են անցկացնում սունի քաղաքական գործչի տան առջեւ, որը գտնվում է քաղաքի մուսուլմանական Տելետ-Հայաթ թաղամասում։ Դրա մասնակիցները պահանջում են արձակել խորհրդարանը եւ արտահերթ ընտություններ անցկացնել։ Ցուցարարների ամբոխը շարժվում է դեպի քաղաքի կենտրոնում խորհրդարանի եւ կառավարության շենքեր, որոնք ուժեղացված պաշտպանվում են զինվորականների ու ոստիկանների կողմից։