Ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորում չկա եւ չի կարող լինել. ռուս սենատոր
Հաշվի առնելով մեր երկու հանձնաժողովների իրավասությունները՝ մեր քննարկումների զգալի մասը կազմել են միջազգային քաղաքականության եւ միջպետական հարաբերությունների հարցերը: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի համատեղ նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը:
Նրա խոսքով՝ քննարկվել է Հարավային Կովկասի իրավիճակը: «Մենք քննարկեցինք անվտանգության հարցերը, կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման հեռանկարները, որոնք այսօր պահպանվում են, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Անկասկած, մենք նաեւ խոսել ենք ռուս-վրացական հարաբերությունների, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի մասին, խոսել ենք նաեւ այլ հակամարտությունների մասին, որոնք դեռեւս պահպանվում են հետխորհրդային տարածքում»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ կողմերը «խոսել են նույն լեզվով»:
Նա նշեց, որ Ռուսաստանը կարծում է, որ կոնֆլիկտային իրավիճակներում ուժային մոտեցում չկա եւ չի կարող լինել: «Լուծումը կարող է միայն քաղաքական լինել, եւ ռուսական կողմը նշել է վերջերս Հայաստանի վարչապետի կողմից արված այն հայտարարությունը, որ վերջին հաշվով ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի՝ հաշվի առնելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերն ու դիրքորոշումները: Ռուսական կողմից մենք ափսոսանք են հայտնել այն կապակցությամբ, որ ադրբեջանական կողմն այդ առումով այդպես էլ հայտարարություն չի արել: Հուսով ենք՝ նրանց կողմից նման հայտարարություն կլինի, քանի որ դա կարեւոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում»,- եզրափակեց Կոսաչեւը:
Կոնստանտին Կոսաչևը վերջում ցանկացավ շնորհակալություն հայտնել ՀՀ Վարչապետից և իր հայ գործընկերներից այն բանի համար, որ աջակցել են Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 75-ամյակին մեր երկրների նախապատրաստումը քննարկելու գաղափարին:
Նրա խոսքով՝ ռուսական կողմն անկեղծորեն շնորհակալ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին համաձայնվելու համար մասնակցել մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին: «Եվ մենք համատեղ գործողությունների ծրագիրը համաձայնեցրել ենք ինչպես այստեղ Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, ինչպես նաեւ երրորդ երկրների տարածքներում՝ այն երկրների, որոնք Հաղթանակին այնքանով առնչություն ունեն, որ վերջնարդյունքում հասնենք միջազգային հանրության կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով նացիզմի դեմ հաղթանակը մարդկության համաշխարհային ժառանգություն ճանաչելուն, իսկ այդ հաղթանակը հավերժացնող հուշարձանները՝ մարդկության համաշխարհային հուշակոթողներ»,- ասաց Կոսաչեւը: