Մաքսիմ Մանուկյան․ Լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ պայքարել օլիմպիական ուղեգրի համար
Լավ մարզավիճակում եմ եւ պատրաստ եմ պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Այս մասին ասել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:
2017-ի աշխարհի չեմպիոնի համար նախաօլիմպիական տարին հաջող չստացվեց: Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, նաեւ Եվրոպական խաղերում Մաքսիմ Մանուկյանն անհաջող գոտեմարտեր անցկացրեց եւ չկարողացավ մեդալներ նվաճել անցնող մրցաշրջանում:
Հայաստանի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։
«Հայաստանի առաջնությունը շատ լավ անցկացրեցի: Նոր, ուժեղ երիտասարդներ կային: Մրցակցությունը մեծ էր: Լավ մարզավիճակում եմ եւ թիմի հետ կմասնակցեմ հավաքներին: Կպատրաստվեմ վարկանիշային մրցաշարերին: Գլխավոր նպատակս Օլիմպիական խաղերն են:
2019 թվականին վնասվածքներիս հետ կապված խնդիրներ ունեցա եւ հաջող մրցելույթներ չանցկացրի: Այժմ ամեն ինչ նորմալ է. ինձ լավ եմ զգում: Հստակ որոշված է, որ հանդես եմ գալու 87 կգ քաշային կարգում: Կպայքարեմ օլիմպիական ուղեգրի համար»,- ասաց Մաքսիմ Մանուկյանը:
Մրցումային երկու օրերի ընթացքում Մանուկյանի մասնակցությամբ գոտեմարտերն ամենադիտարժանն էին։ Եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանն Ալբերտ Եղիկյանին հաղթեց տուշեով:
Նյութի աղբյուրը՝ News.am Sport