Վարոս Սիմոնյանը Մոսկվայում քննարկել է երկու երկրներում հավատարմագրման ոլորտում առկա իրավիճակը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, հավատարմագրման ազգային մարմնի ղեկավար Ալեքսեյ Խերսոնցեւի հետ։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը, «Ռոսստանդարտ» տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսեյ Աբրամովը, ՌԴ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։
Քննարկվել են երկու երկրներում որակի ենթակառուցվածքների, մասնավորապես՝ հավատարմագրման, համապատասխանության գնահատման եւ ստանդարտացման ոլորտներում առկա իրավիճակը, զարգացման միտումներն ու հետագա ծրագրերը։
ՌԴ հավատարմագրման ազգային մարմնի ղեկավարը ներկայացրել է Ռուսաստանում այս ոլորտի մարտահրավերները եւ խնդիրները, համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը, իրենց կողմից ներդրված հավատարմագրման կանոնակարգումն ապահովող էլեկտրոնային համակարգը՝ նշելով, որ այն նպատակ ունի լուծել շուկայում առկա համապատասխանության փաստաթղթերի հետ կապված խնդիրները։
Առաջարկվել է համագործակցել՝ ձեռք բերված փորձը հայկական կողմին ներկայացնելու եւ միասնական էլեկտրոնային համակարգի բնականոն աշխատանքը հետագայում ապահովելու նպատակով։
Հայկական կողմը, ներկայացնելով Հայաստանում հավատարմագրման ու համապատասխանության գնահատման ոլորտներում կատարվող աշխատանքները, ողջունել է ՌԴ համապատասխան կառույցների մասնագետների հետ շարունակական համագործակցության եւ փորձի փոխանակման առաջարկը, որի արդյունքում հնարավոր կլինի կարգավորել առանց խոչընդոտների ապրանքաշրջանառությունը ԵՏՄ միասնական շուկայում։