Թաիլանդի արքայադուստր Սիրինդոնին հոսպիտալացրել են սրտի իշեմիկ հիվանդության բուժման համար
Երկուշաբթի երեկոյան Թաիլանդի արքայադուստր Մահա Չակրի Սիրինդոնին Չուլալոնգկորնի հիվանդանոց են տեղափոխել սրտի իշեմիկ հիվանդության բուժման համար, հայտնում է Bangkok Post-ը:
Թագավորական պալատի տեղեկացմամբ՝ նախքան բժիշկները խորհուրդ կտային հիվանդանոց տեղափոխվել արքայադուստրը ցավեր ուներ կրծքավանդակում, իսկ երակազարկն անհավասար էր: Բուժհաստատությունում կորոնար անգիոգրաֆիայով պարզվել է, որ նեղացել են սրտի արյունատար անոթի հատվածները, սակայն անգիոպլաստիկայի կարիք չկար: Բժիշկները թագավոր Ռամա X-ի քրոջը խորհուրդ են տվել մնալ հիվանդանոցում բուժման կուրս անցնելու համար:
Սիրինդոնը հոկտեմբերի կեսին հոսպիտալացվել էր աղեստամոքսային տրակտի վարակի եւ բորբոքման բուժման համար: