Երևանի կենդանաբանական այգու վագրերի ազատավանդակի ժայռը փլվել է
Երևանի կենդանաբանական այգու վագրերի ազատավանդակի ժայռը փլվել է, սակայն վագրերին որևէ վնաս չի հասցվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է այգու իրավաբան Քրիստինե Ղասումյանը։
«Մի քանի քարեր են պոկվել-թափվել, քանի որ բնական ժայռեր են: Այդ տարածքը էլեկտրական հովիվներով առանձնացված տարածք է»,- ասել է նա։
Ըստ նրա՝ բացառվում է, որ կենդանիներին որևէ վտանգ սպառնա․ «Ապահով է, եթե, իհարկե, որևէ արտասովոր բան տեղի չունենա, վագրերը չեն կարողանալու դուրս գալ։ 99 տոկոսով ապահով է, վագրերը չեն կարող դուրս գալ այդ վանդակներից։ Դա վառ երևակայության արդյունք է»։
Իրավաբանը նշել է, որ այս պահին Կենդանաբանական այգում երկու վագր կա ․ «Մեկը բերել ենք Մանվել Գրիգորյանի կենդանաբանական այգուց, մյուսը Երևանի կենդանաբանական այգունն է»։