Սերժ Սարգսյանը պետք է հլու-հնազանդ և սուս արած սպասի իր հերթին
Հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցից հետո ակտիվացել են գործը նորից վերաբացելու հետ կապված հանրային–քաղաքական քննարկումները։ Մի կողմից՝ շատերը, այդ թվում՝ զոհերի հարազատները, կարծում են, որ դատավարությունը ոչ մի հարցի պատասխան չի տվել, մյուս կողմից էլ՝ կա մտահոգություն, որ Հայաստանում այժմյան պայմաններում գործի վերաբացումը դառնալու է քաղաքական շահարկման առարկա, և նորից մինչև վերջ գնալ հնարավոր չի լինի: «Առաջին լրատվական»-ը այս և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ ։
– Պարոն Շիրխանյան, Ի՞նչ կարծիք ունեք այդ դիտարկումների մասին։
– Խնդիրը հարազատների մոտ կուտակված հարցերին պատասխանելու կամ շահարկումներից զգուշանալու մեջ չի։ Խնդիրը ամբողջ հայությանը կայացող կամ չկայացող պետությունը ներկայացնելու մեջ է։ Խնդիրը 27-ի բեռից, ճիրաններից, հետևանքներից ազատվելու պետության վճռականությունը ցույց տալու մեջ է։ Իսկ որո՞նք են 27-ի՝ երկրի զարգացումը տապալող հետևանքները.
Այսօրվա հարուստների 99 տոկոսը, քանզի կայացել են կեղծիքի, կողոպուտի, խաբեության, ստորաքարշության միջոցով։
Արդարադատությունից անսահման հեռավորության վրա կառուցված դատաիրավական համակարգը։
Կեղծված Սահմանադրությունը և «ընտրյալներին» սպասարկող օրենսդրական դաշտը։
Բոլոր ոլորտներում գեներալական ուսադիրներով ողողված փուչիկ-մարդկանց բազմությունը։
Ազգային միասնության հիմքերը կրծող, խարխլող աղանդների, կեղծ բարեպաշտների դաշտը։
Օրինականացված աղքատության, մուրացկանության, անհավասարության դաշտը։
Երկրում ապրելու անհեռանկարայնության պարտադրված համոզմունքը։
Կեղծ «եվրոպայացման», «շուկայացման» տակ քողարկված հասարակության շարունակական այլասերումը և նվաստացումը։
Ազգային արժեհամակարգի շարունակական մերժումը, օրակարգից հանումը։
Ցավալի է, բայց այս թվարկումը երկար շարունակվող է։ Խնդիրը այս բոլորին վերջ դնելու պետության վճռականությունը ցույց տալու և ժողովրդի հավատը իշխանության հանդեպ վերականգնելու մեջ է։
Ո՞վ է շահարկելու։ Սերժառոբերտական ռեժիմից մնացած թափթփուկնե՞րը, ովքեր հրճվում են իրենց համար ստեղծված «ջերմոցային պայմաններո՞վ»։
Նրա՞նք պետք է շահարկեն, ում ներկայությունը Հայաստանում ամբողջ հայության ատելությունն է առաջացնում։ Մի՞թե Սերժի հրաժարականին հաջորդած օրերին ամբողջ հայությունը նրանց գործի և էության գնահատականը չտվեց և դատավճիռը չկայացրեց։
27-ը ազգային մեծագույն դավաճանությունն է, Հայոց պետականության դեմ իրականացված մեծագույն ոճրագործությունն է, և նրա պատվիրատուների բացահայտման պահանջ-հրամայականը մտահոգությո՞ւն է առաջացնում։ Եթե այդպես է, այդ մտահոգությունը ինքն է դառնում մտահոգության խնդիր։ Մի՞թե դեգրադացումը այդքան խորացել է։
Նյութն ամբողջապես՝ սկզբնաղբյուրում: