2020թ.-ին «Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացումը շարունակելու համար նախատեսվում է հատկացնել մոտ 140 մլն դրամ
2020 թվականին «Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացումը շարունակելու համար Հայաստանի վարչապետին առընթեր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել մոտ 140 մլն դրամ: Հոկտեմբերի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Ըստ նրա՝ ծրագրի նպատակն է նպաստել հայության պահպանմանն ու համախմբվածությանը: «Մենք նախատեսում ենք մեզ մոտ ընդունել 13-ից մինչև 22 տարեկան 800 մարդու:
Նրանք Հայաստանին կծանոթանան բազմակողմանիորեն, կտեղեկանան մեզ մոտ առկա հնարավորություններին, կբարելավեն իրենց հայերենը եւ այլն»,- պարզաբանեց Սինանյանը՝ հավելելով, որ իրենք նախատեսում են պահպանել ճամբարի ձեւաչափը, ինչը երիտասարդներին թույլ կտա շփվել բնության պայմաններում: