Ես բռնություն չեմ գործադրել լրագրողների վրա Հեղափոխության օրերին. Հունան Պողոսյան
Ես երիտասարդ տարիքում պաշտոններ եմ զբաղեցրել և կարծում եմ, որ երիտասարդ լինելն առավելություն է, իսկ երիտասարդության և փորձի համադրումը իդեալական տարբերակն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
«Ավելի կարևոր է փորձի և երիտասարդության համադրումը: Դուք գնում եք ծայրահեղության՝ հակադրելով դրանք»,-ասաց նա:
Հարցին, թե իր համար նորմա՞լ է, որ 25 տարեկանն իրեն ղեկավարի, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ես 25 չէ, բայց 29 տարեկանում ղեկավարել եմ և կարծում եմ դա շատ նորմալ է, եթե ղեկավարը նորմալ է, պատրաստված, պատասխանատվության մեծ զգացում ունի և պետականություն կա մեջը»:
Նա համաձայն չէ դիտարկմանը, որ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոններում քաղաքացիական անձանց նշանակելու հնարավորություն տալով ոստիկանության համակարգը քաղաքականացվում է. «Չէի ասի, թեև նման հարցերն ինձ առանձնապես չեն էլ վերաբերվում»:
Հարցին, թե ինչպես է գնահատում, որ այդ հարցի վերաբերյալ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հայտնած կարծիքից հետո նա ազատվեց աշխատանքից, Սյունիքի մարզպետն ասաց. «Ես չեմ կարող միանշանակ պնդել, դա դուք եք ասում: Միայն Հովհաննես Քոչարյանը գիտի, թե ինչու է ազատվել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն Հովհաննես Քոչարյանն իր դիմումի համաձայն է ազատվել»:
Անդրադառնալով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հայտարարությանը, թե ոստիկանությունը միշտ ծառայում է օրվա իշխանությանը, Սյունիքի մարզպետն ասաց, «Այստեղ թյուրըմբռնման խնդիր կա. ոստիկանությունը ծառայում է օրենքին եւ ծառայելով օրենքին, ծառայում է ժողովրդին»:
Անդրադառնալով նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերի բարձրացմանը, մարզպետն ասաց. «Իմ աշխատավարձը բարձրացել է պարգևավճարի ձևով: Դեպքեր են եղել ստացել եմ, դեպքեր են եղել՝ ոչ»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ճի՞շտ էր անում, երբ հեղափոխության օրերին հրահանգ էր տալիս բռնություն կիրառել ցուցարարների, լրագրողների նկատմամբ, ինչին Հունան Պողոսյանն արձագանքեց. «Ես հիշում եմ, ես ընդամենը ձեզ հորդորեցի հատուկ տեխնիկան չնկարել: Եթե դա համարում եք բիրտ ուժի կիրառում, ապա չարաչար սխալվում եք: Այսօր էլ ես կպնդեմ, որ չի կարելի հատուկ տեխնիկան, սպառազինությունը նկարել»: