Հայաստանն ու Ճապոնիան սննդի արդյունաբերության ոլորտում համագործակցելու ներուժ ունեն. ՀՀ նախագահն այցելել է Asahi Group
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սննդի արդյունաբերության ոլորտում ճապոնական հայտնի Asahi Group ընկերության նախագահ Ակիյոշի Կոժիի հետ:
Asahi Group-ը Ճապոնիայում գարեջրի եւ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություն է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ սննդի արտադրության եւ վերամշակման ոլորտում:
Ընկերության ղեկավարը նախագահ Սարգսյանին պատմել է արտադրության հիմնական ուղղությունների, տարբեր շուկաների հետ համագործակցության մասին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է ճապոնական ընկերությունների հետ համագործակցությամբ:
Փոխգործակցության հեռանկարային ուղղություններից մեկը նախագահը համարել է սննդի վերամշակման, մատակարարման եւ անվտանգության ոլորտը: Նա նշել է, որ ԵՏՄ անդամ Հայաստանը, որը սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, կարող է դիտարկվել որպես առեւտրային հարթակ եւ դարպաս դեպի ավելի մեծ շուկաներ։ Բացի այդ, մեր երկիրն ունի հյութերի, հանքային ջրերի զարգացած արտադրություն, եւ այս ոլորտում եւս համագործակցություն մեծ ներուժ կա:
«Ձեր ընկերության արտադրանքը հայտնի է ողջ աշխարհում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, սակայն մեր երկրում ձեր ներկայությունը շատ փոքր է: Կարծում եմ՝ հնարավոր համագործակցությունը կօգնի զարգացնել փոխադարձ հետաքրքրությունները»,-նշել է նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանը գրավիչ կարող է լինել ոչ միայն արտադրանքի վաճառքի, այլեւ արտադրության եւ արտահանման առումով:
Asahi Group ընկերության ղեկավարը նշել է, որ ուրախ կլինեն իրենց արտադրությամբ ավելի լայն ներկայացված լինել Հայաստանում եւ տարածաշրջանում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու եւ քննարկելու նպատակով։