Երևանում մեկնարկել է «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի մասնակցությամբ Երեւանում այսօր մեկնարկել է «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը: Այն կօգնի Հայաստանում քաղաքականություն եւ օրենսդրություն մշակողներին` ներդաշնակեցնելու ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը այնպես, որ նոր օրենսդրությունը կիրառելի լինի ամենօրյա պրակտիկայում: Դասընթացավարները կտրամադրեն գործնական խորհրդատվություն օրենսդրության մշակման բոլոր փուլերի վերաբերյալ:
Փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար, կարեւորել է միջոցառումը՝ ինչպես գործադիրի, այնպես էլ օրենսդիրի ներկայացուցիչներին մեկ հարթակում ներգրավելու ու հնարավորինս առարկայական քննարկումներ կազմակերպելու տեսանկյունից:
«Արդարադատության նախարարությունը Եվրոպական միության հետ ծավալել եւ հաջողությամբ իրականացնում է լայնամասշտաբ եւ փոխշահավետ համագործակցություն: Նախարարությունը ոլորտային բոլոր բարեփոխումները չի ընկալում որպես առանձին եւ հատվածական գործընթաց, այլ դիտարկում է դրանք ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո: Կարծում եմ՝ այս ընկալումն ընդհանուր է, ինչը մեզ թույլ կտա առավել ռազմավարական ու երկարաժամկետ կտրվածքով պլանավորելու մեր գործողությունների ընդհանուր օրակարգը»,- ասել է փոխնախարար Գրիգորյանը եւ, ամփոփելով խոսքը, շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ բարեփոխումների իրականացման գործընթացում մշտապես Արդարադատության նախարարությանը սատարելու:
Նշենք, որ մեկօրյա դասընթացը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ ԵՄ ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում: Դասընթացը բաղկացած է չորս հիմնական մասից՝ ԵՄ օրենսդրություն, Մոտարկում, Քաղաքականության մշակում եւ Օրենսդրության մշակում: