ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել ՍԴ-ում Հրայր Թովմասյանի գործի հետ կապված
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում:
Ավելի վաղ Operativ լրատվականը գրել էր, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
Հիշեցնենք նաև՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով և հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»: