Կապանում փլուզված երկհարկանի տան փլատակների տակից դուրս են բերել 69-ամյա քաղաքացու դին
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը նշել էր, Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում:
Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա Պ.-ի (ծնված 1950 թ.) դին:
Հիշեցնենք, ավելի վաղ Կառավարությունում Ցոլակյանը հայտարարեց, որ Կապանում տունը մնացել է սողանքի տակ. ներսում ծեր ամուսիններ են, չգիտենք՝ ողջ են, թե ոչ:
Հիշեցնենք նաև, որ սողանցքի արդյունքում Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):