Կարող է Ալիևն էլ Էրդողանից խրախուսված, ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկել. Կիրո Մանոյան
Մենք պետք է առաջնահերթություն համարենք մեր պետության հզորացումը, որովհետեւ մեզ համար մեզնից լավ բարեկամ չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները ինչ-որ չափով նվազեցրել են մեր սահմաններին լարվածության հավանականությունը, քանի որ քաղաքական ուժերը չեն ցանկանա այս տարածաշրջանում մի քանի լարվածության օջախներ տեսնել: Բայց հաշվի առնելով Էրդողանի պահվածքը, կարող է Ալիեւն էլ Էրդողանից խրախուսված, ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկել: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Բայց չի բացառվում, որ մի քանի ամսից նման իրադարձություններ հրահրվեն որոշ այլ նպատակներով, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն, ինչը մեր շահերից չի բխում»,- ընդգծեց նա:
Անկախ նրանից, թե ինչ են ասել կամ ինչ կասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իրականում Արցախի խնդրի կարգավորման գործընթացը նույնիսկ 2016-ի ապրիլից առաջ փաստորեն կասեցված էր, թեև բանակցություններն ընթանում էին, նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի այցին Հայաստան:
Նրա խոսքով, բանակցությունները մինչեւ 2016-ի ապրիլ տեղի էին ունենում, որպեսզի ստեղծեն ինչ-որ նպաստավոր մթնոլորտ, որ կարգավորման ուղղությամբ բանակցությունները շարունակվեն:
«Ապրիլից հետո դա ընդհանրապես սառեց, Հայաստանում 2018-ի փոփոխություններից հետո եւս ինչ-որ ժամանակ պետք էր, որ փոխադարձ ճանաչողություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, բայց այսօր, հատկապես մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի հայտարարությունից եւ ՀՀ վարչապետի պատասխանից հետո, կասկածում եմ, որ որեւէ առաջընթաց լինի հարցի կարգավորման ուղղությամբ»,-ընդգծեց Մանոյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև РусскийՏպել