Կանդագարում նախագահական ընտրությունների նախաշեմին ավելի քան 30 պայթուցիկ սարք է հայտնաբերվել
Առնվազն 31 պայթուցիկ սարք է հայտնաբերվել եւ վնասազերծվել Աֆղանստանի Կանդագար քաղաքում նախագահական ընտրությունների նախաշեմին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով նահանգապետի ներկայացուցչին:
«Երեկ երեկոյան 31 ռումբ է հայտնաբերվել եւ վնասազերծվել»,- ասել է նա:
Աֆղանստանում ընտրատեղամասերը բացվել են այսօր առավոտյան: Նախագահական ընտրություններն անցկացվում են լարված մթնոլորտում՝ ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման միջեւ խաղաղ բանակցությունների ձախողման ֆոնին: Ընտրություններից մոտ 2 շաբաթ առաջ ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց զոհ են դարձել տասնյակ մարդիկ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակումների պատասխանատվությունը ստանձնել են թալիբները:
Նախագահի պաշտոնում երկու հիմնական թեկնածուներն են գործող նախագահ Աշրաֆ Հանին եւ վարչապետ Աբդուլլա Աբդուլլան: Նրանք իրենց պաշտոնները զբաղեցրել են 2014-ին: Թեկնածուների ընդհանուր թիվը 15-ն է: Ավելի վաղ գրանցվել էր 18 թեկնածու, սակայն 3-ի թեկնածությունը հանվել էր, նրանցից երկուսը հայտարարել էին, որ աջակցում են գործող նախագահին: