Ֆրանսիայում հայ քաղաքապետին սպառնում են
Ֆրանսիական ոչ մեծ քաղաքի ղեկավարն սկսել է սպանելու սպառնալիքներով լի նամակներ ստանալ՝ արհետսագործներին եւ առեւտրականներին վերաբերող հարկի ներդրումից հետո:Ինչպես հաղորդում է «Nouvelles d'Arménie»-ն, Լուարայի դեպարտամենտում մի քանի պաշտոնյաներ անանուն նամակներ են ստացել: Սեն Շամոնի քաղաքապետ Ֆիլիպ Կիզիրյանը մահվան սպառնալիքով նամակ է ստացել: Սպառնալիքի պատճառն, ըստ ամենայնի, հարկատեսակի ներդրումն է, որը վերաբերում է արհեստագործներին ու առեւտրականներին, որոնք, հնարավոր է, 300 տոկոսով ավելի շատ վճարեն:«Ինչպես Կորսիկայում, որոշ պաշտոնատար անձինք կսպանվեն: Այնպես որ աջ ու ձախ նայեք երբ տուն եք գնում»,-ասված է քաղաքապետին ուղղված անանուն նամակում:Նշենք, որ Ֆիլիպ Կիզիրյանը 2008-ի մարտից Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի ղեկավարն է, որի բնակչությունը 36 հազար է:Կիզիրյանն ամուսնացած է, ունի երեք երեխա: 2010-ի հուլիսին նա ընտանիքով այցելել է Հայաստան: