ՍԴ–ն իր որոշումներով պետք է ապացուցի, որ քաղաքական մարմին չէ. Վլադիմիր Վարդանյան
Էական կարգապահական խախտումը, անհամատեղելիությունը, քաղաքական գործունեությամբ զբաղվելը եւ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերը կարող են լինել ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հիմք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Վահե Գրիգորյանի դիմումը չքննարկելը եւս կարգապահական խախտում կարող է դիտվել, ես ընդհանրապես չեմ հասկանում՝ այդ գործընթացն ինչպես կարող էր տեղի ունենալ, որովհետեւ ենթադրվում է, որ դատավորների համապատասխան դիմումները պետք է համապատասխան ընթացակարգով քննվեն»,–նշեց նա։
ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանի այն պնդմանը, թե դիմումը խախտումներով է ներկայացվել, Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Ենթադրենք, որ հանգում են նրան, որ ինքը խախտումներով է ներկայացրել, դատավորը ներկայացրել է դիմում, կոլեգիալ մարմինները կարող են խոսել իրենց ակտերի միջոցով, որեւիցե ակտ առ այն, որ այդ դիմումը քննարկվել է եւ մերժվել է, չունենք։ Դատավորի դիմումին առնվազն արձագանք պետք է լիներ։ Հնարավոր էր, չէ՞, ասել՝ գիտեք, դուք պատշաճ սուբյեկտ չեք կամ պատշաճ հիմքեր չկան, բայց ակտը պետք է երեւար, որտեղի՞ց ես կամ հանրությունը պետք է տեղական, որ արձագանք եղել է»։