Քոչարյանը Հայաստանից չէր փախել, նրան նորից բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր. Պարույր Հայրիկյանը՝ Ռ. Քոչարյանի շուրջ իրավիճակի և այլ հարցերի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լայնածավալ ասուլիս է տվել ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը : Նա խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձություններից, կարծում է, որ Քոչարյանը Հայաստանից չէր փախել, այնպես որ նրան բանտ տանելը, հետո ազատ արձակելը, հետո նորից կալանավորելը ոչ այլ ինչ է , քան հիմնական հարցից շեղելու միջոց:
«Եթե իսկապես հետաքրքրում էր արդարադատությունը, ապա առաջնայինը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի բանտում գտնվել կամ չգտնվելու հարցը պետք է լիներ, այլ պետք է գործը քննվեր։ Սրանով Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ գործով զբաղվելու փոխարեն զբաղվեցինք տասներորդական հարցով։ Դատարանը կքններ գործը, կպարզեր, որ արդար է, ազատ կարձակեր, կպարզեր, որ մեղավոր է և ուղղակի մասնակցություն ունի «Մարտի մեկի» բացասական իրադարձություններին, կկայացներ դատավճիռ»,- ասաց Հայրիկյանը և հավելեց, որ ինքը սկզբունքորեն որպես իրավապաշտպան միշտ դեմ է եղել նախնական կալանքին. «Եթե ազատ արձակումը կամ խափանման միջոցի փոփոխությունը չի հանգեցնում քննության խանգարմանը, ապա ես դեմ եմ նախնական կալանքին»։
Պարույր Հայրիկյանը անդրադարձավ նաև Արթուր Վանեցյանի հրաժարականին:
«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ասաց շատ կարևոր բան, որ Ազգային անվտանգության ծառայությունը դատապարտում է չեկայի գործած չարագործությունները։ Վանեցյանն ասում էր շատ ճիշտ բաներ, բայց իր օգնականի միջոցով, դա իմ դուրը չեկավ, ես դա կասկածելի համարեցի։ Եթե ես հրապարակային գնահատականներ տայի, կթվար, թե ես այնքան էլ խորը չեմ հասկանում այդպիսի կարևոր մտքերը սեփական շուրթերով չարտասանելու անհրաժեշտությունը։ Խոսքը վերաբերում է նրան, որ մեր չեկիստածին իշխանավորները առ այսօր նույնիսկ չեկիստի օր են նշում՝ Ազգային անվտանգության ծառայության օրը։ Հանկարծ հայտնվում է ԱԱԾ պետ, որը հակադրվելով իր բոլշևիկ ղեկավարին, հայտարարում է՝ ոչ ոք թող չկարծի, թե մենք բոլշևիկներից ենք սերվում, ԱԱԾ-ն համարում է, որ իր արմատները գալիս են 1918 թվականի հետախուզության և հակահետախուզության մարմին ստեղծելու անկախ Հայաստանի որոշումից։ Նիկոլ Փաշինյանը բոլշևիկ է ամենաբացասական իմաստով, նա պատմությունից ոչ մի դաս չի քաղել։ Սա մարտահրավեր էր։ Ես մտածում եմ, որ բոլշևիկ Նիկոլը պիտի չհանդուրժի»,- ասաց Հայրիկյանը։
Հայրիկյանի խոսքով՝ Վանեցյանն իր հայտարարությամբ դրսևորեց մի որակ, որը խորթ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Հիմա Վանեցյանը այդ բոլշևիկյան մոտեցմանը վերջապես այս 30 տարվա ընթացքում առաջին անգամ հակադրվեց իր օգնականի շուրթերով, բայց ասաց շատ կարևոր բան, որ Ազգային անվտանգության ծառայությունը դատապարտում է չեկայի գործած չարագործությունները։ Այս մարդը դրսևորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին։ Երրորդ հանրապետություն կոչելու իմաստն այն է, որ չեկիստներին ենթարկված Հայաստանի, տասնյակ հազարավոր հայերի գնդակահարած իշխանությունը համարվի նույնպես օրինական երկիր։ Մենք առաջիններից մեկն էինք, որ աջակցեցինք այդ շարժմանը։ Եվ առաջին լուրջ հիասթափությունը ես ապրել եմ այն պահին, երբ նա հայտարարեց, որ մենք հեղափոխական կոմիտե ենք ստեղծելու, ես հասկացա, որ սրա խորքում նստած է բոլշևիկը»։