Շատերի կողմից սպասված. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է Նորք-Մարաշի զինված խմբի գործով մեղադրվող, խմբի առաջնորդ Արթուր Վարդանյանին 1 մլն դրամի դիմաց ազատ արձակելու մասին որոշում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է Նորք-Մարաշի զինված խմբի գործով մեղադրվող, խմբի առաջնորդ Արթուր Վարդանյանին 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում, բավարարելով պաշտպանների միջնորդությունը: Թավշյա հեղափոխությունից հետո Արթուր Վարդանյանի պաշտպաններն ու նրա մի շարք համակիրներ, նախորդ իշխանության հանդեպ պայքարի արմատական մեթոդի կողմնակից ուժեր, այդ թվում նաև 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» աջակիցներ պարբերաբար բարձրացնում էին Արթուր Վարդանյանին ազատ արձակելու հարցը՝ հղում անելով հեղափոխությանը:
Եվ ահա, Արթուր Վարդանյանի խափանման միջոցը դատարանը փոխում է և նրան ազատ արձակում գրավի դիմաց: Արդյոք սա զուտ իրավակա՞ն որոշում է, թե՞ պայմանավորված է նաև քաղաքական իրողություններով, որոնք ներկայումս մտել են բավականին աշխույժ մի փուլ՝ թե՛ ամուլսարյան, թե՛ Ռոբերտ Քոչարյանի շուրջ դինամիկ և բավականին հակասական զարգացումներով: Ի դեպ՝ այդ համատեքստում հիշենք, որ սեպտեմբերի 17-ին էլ ՍԴ որոշման, այսպես ասած, ուժով ընդհանուր իրավասության դատարանը որոշելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց փոխել-չփոխելու հարցը: Այդ իմաստով, առնվազն հիպոթետիկ հարցադրման տեղ կարող է լինել, թե արդյոք Արթուր Վարդանյանի ազատ արձակումը կարո՞ղ է որևէ տրամաբանական շղթայով հաղորդակից լինել Քոչարյանի հարցում սպասվող դատարանի որոշմանը: Այս առումով գուցե հատկանշական հանգամանք է և այն, թե երբ ծագեց Նորք-Մարաշի զինված գործը:
Զինված խմբավորման բացահայտման մասին ԱԱԾ-ն հայտարարեց 2015-ի դեկտեմբերին, ցուցադրելով Նորք-Մարաշի տներից մեկում՝ ընդհուպ զրահամեքենայի կիրառումով հատուկ գործողությունն ու զինված խմբի հայտնաբերումը: Դա 2015 թվականին Սահմանադրության փոփոխության հանրաքվեից մի քանի օր առաջ էր, որով գործնականում լուծվում էր Հայաստանում իշխանության, կառավարման մոդելի, և, իհարկե, ինչպես հետո իրադարձությունների զարգացման արդյունքում ստացվեց՝ Հայաստանում թավշյա հեղափոխության հարց: ԱԱԾ-ն հայտարարեց, որ զինված խումբը ծրագրել էր հարձակումներ պետական հաստատությունների, պաշտոնյաների վրա՝ ընդհուպ Սերժ Սարգսյանի: Այն, որ բացահայտումը տեղի ունեցավ հանրաքվեից մի քանի օր առաջ, հազիվ թե լինի պատահականություն: Անկասկած էր, որ հանգամանքը առնվազն ուներ նաև հոգեբանական-քաղաքական ազդակի նշանակություն, եթե նկատի առնենք և այն, որ Սերժ Սարգսյանի մոդելային փոփոխությանը դիմադրող հիմնական ուժը, թերևս, նույն իշխող համակարգի թևերն էին, որոնք սպասում էին Սերժ Սարգսյանի ժամկետի ավարտին՝ իրենց հնարավորությունը փնտրելով իշխանությունը ժառանգելու, կամ վերաժառանգելու հարցում: ԱԱԾ բացահայտումը՝ հանրաքվեից մի քանի օր առաջ, թերևս կոշտ ազդակ էր առաջին հերթին ներհամակարգային դիմադրության օջախներին:
Ահա, այդ իմաստով հետաքրքիր է նաև գործի դատավարական ընթացքի հետհեղափոխական դինամիկան՝ ընդհուպ Արթուր Վարդանյանի ազատ արձակումը: Այս համատեքստում արժե հիշել, որ ամիսներ առաջ ազատ արձակվեց գործով կալանավորված մեկ այլ հնչեղ անուն՝ Վահան Շիրխանյանը, նախկին փոխվարչապետ, պաշտպանության փոխնախարար: Ազատ արձակումից հետո Վահան Շիրխանյանը գրեց զանազան մեղադրանքներով լի հայտնի նամակը Ռոբերտ Քոչարյանին:
Նյութի աղբյուրը՝ 1in.am