Գյուղը 4 տարի դպրոց չունի, մարզպետարանի արձագանքը
Անկախն արդեն մի քանի անգամ անդրադարձել է Շիրակի մարզի Բերդաշեն գյուղի հանրակրթական դպրոցից զրկվելու խնդրին: Արդեն 4 տարի է գյուղի դպրոցականները դասի են հաճախում հարևան Զորակերտ գյուղի դպրոց: 2015 թվականին է Բերդաշենի դպրոցի մի հատվածում հրդեհ բռնկվել, որից հետո կառավարությունը երբևէ միջոցներ չի հատկացրել դպրոցի շենքը նորոգելու համար, պատճառաբանելով, թե աշակերտների թիվը շատ քիչ է, նպատակահարմար չէ դպրոց կառուցել: Ավտոբուս էր հատկացվել բարձր դասարանի աշակերտների տեղափոխումը հարևան գյուղ կազմակերպելու համար, բայց հատկապես ձմեռը, երբ բուքը փակում է ճանապարհները, երեխաները ստիպված դպրոց չեն գնում: Իսկ տարրական դասարանների երեխաների համար ուսումնական պրոցեսը կազմակերպվում է համայնքապետարանի առաջին հարկում հարմարեցված սենյակում՝ ժամանակավոր: Սեպտեմբերի 9-ին Բերդաշենի դպրոցահասակ երեխաների ծնողների հետ հանդիպել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից քննարկվել է դպրոցի ճակատագիրը: Դպրոցի վերանորոգման հարցով դիմել էին կառավարություն, գումար էր հատկացվել նախագիծ-նախահաշիվ կազմելու համար: Համաձայն նախագծի նախատեսվում էր հրդեհից տուժած դպրոցի երկրորդ հարկը լրիվ հանել, վերանորոգել և դարձնել մեկ հարկանի, որն ամբողջությամբ կբավարարեր դպրոցի պահանջներին: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը տեղեկացրել է, որ մարզպետարանը 210 մլն դրամի բյուջետային հայտ է ներկայացրել նոր դպրոց կառուցելու համար: Դեռևս պետական պատասխանը չկա: Մարզպետարանի կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը նշել է, որ հրդեհից մեկ տարի անց, բերդաշենցի գործարար Էդիկ Ախցխեցյանը առաջարկել էր իր սեփական տունն անվարձահատույց տրամադրել դպրոցին, դասապրոցեսները կազմակերպելու համար, մինչև կլինի ֆինանսավորում և կկառուցվի նոր դպրոց, մինչդեռ առաջարկվող տունը, ըստ կրթության պատասխանատուի, բավարար էր երկու հերթափոխով ամբողջ դպրոցի դասապրոցեսը կազմակերպելու համար: Բայց անհայտ պատճառներով բնակիչները հրաժարվել են գործարարի աջակցությունից և կրկին երեխաները գնացել են դպրոց, ով, որտեղ կարողացել է: Մարզպետը հանձնարարել է նորից գնալ գյուղ, տեղում ճշտել, գուցե գործարարը այլ ծրագրեր չունի տան հետ կապված և կկարողանա որոշակի ժամանակով նորից տրամադրել տունը:
Նյութի աղբյուրը՝ Ankakh.com