Չորեքշաբթի Հոնդուրասի նախկին նախագահ Պորֆիրիո Լոբոյի կնոջը՝ Ռոսա Էլենա Բոնիլիային դատարանը դատապարտել է 58 տարվա ազատազրկման
Չորեքշաբթի Հոնդուրասի նախկին նախագահ Պորֆիրիո Լոբոյի կնոջը՝ Ռոսա Էլենա Բոնիլիային դատարանը դատապարտել է 58 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կառլոս Սիլվային:
«Նախկին առաջին տիկին Ռոսա Էլենա Բոնիլիան դատապարտվել է 58 տարվա բանտարկության միջոցների յուրացման եւ խարդախության հանցագործությունների կատարման համար»,- ասել է Սիլվան:
52-ամյա Բոնիլիայի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալն անմեղ է, եւ վերաքննիչ բողոք են ներկայացնելու:
Օգոստոսի 20-ին Հոնդուրասի դատարանը Բոնիլիային «մեղավոր էր ճանաչել խարդախության 8 դեպքով եւ յուրացման 3 դեպքով», առավելագույն պատիժը կարող էր կազմել 87 տարվա ազատազրկումը:
Նախկին նախագահի կինը ձերբակալվել էր 2018 թվականի փետրվարի վերջին: Հոնդուրասի դատախազությունը նրան մեղադրում էր 700 հազար դոլար յուրացնելու մեջ, որոնք նախատեսված էին տարբեր սոցիալական ծրագրերի իրականացման համար: