Արտակարգ պատահար Երևանում. Նախ հրկիզել են քաղաքացու ավտոմեքենան, իսկ 4 օր անց՝ նաև տան մուտքի դուռը (Տեսանյութ)
Օգոստոսի 29-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ այրել են բակում կայանված իրենց ավտոմեքենան։
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները դեպքի վայրում հայտնաբերեցին բենզինի նմանվող հեղուկի եւ այլ դյուրավառ նյութի 3 շիշ։ Քաղաքացիներն այրվող «Օպելը» մարել էին իրենց ուժերով։
Ոստիկանները օպերատիվ-հետախուզական եւ որոնողական միջոցառումներ ձեռնարկեցին։
Սեպտեմբերի 2-ին քաղաքացին կրկին ոստիկանություն ահազանգեց։ Այս անգամ անհայտ անձը հրկիզել էր տան մուտքի դուռը։
Շարունակելով կատարվածը բացահայտելուն ուղղված միջոցառումները՝ Մաշտոցի քրեական հետախույզները օպերտարիվ տեղեկություններ ստացան, որ արարքը հնարավոր է կատարած լինի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի 47-ամյա բնակիչը։ Շուտով նա հայտնաբերվեց եւ դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։
Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել։
Կատարվում է քննություն։