Գեղարքունիքի մի քանի գյուղերի դպրոցներում առաջին դասարաններ չեն ձևավորվել․ հնարավոր է նաև դպրոց փակվի
Գեղարքունիքի մարզի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում Դարանակից առաջին դասարանցիներ չկան, Գեղամավանի հիմնական դպրոցում առաջին դասարան չի ձևավորել և Գեղաքարի հայտնի դպրոցում ևս, որն ուներ ընդամենը մեկ աշակերտ, առաջին դասարան չի ձևավորվել: Այս մասին NEWS.am լրատվականի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:
«Մենք տարածքային կառավարման նախարարություն գրություն ենք ուղարկել, որ մեկ աշակերտանոց դպրոցը վերակազմավորեն, միավորենք Խաչաղբյուր գյուղի դպրոցի հետ: Ավելի լավ է աշակերտի տեղափոխումը կազմակերպենք, քան մեկ աշակերտի համար դպրոց պահենք, նման ձեւաչափ ենք ներկայացրել, սպասում ենք Կառավարության որոշմանը»,-ասաց նա:
Կարեն Զազյանը նշեց, որ այս տարի 3200 առաջին դասարանցի են հաճախել դպրոց, սակայն մարզի հանրակրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան:
«Ուսուցիչների պակաս կա մարզում, «Դասավանդիր Հայաստան» ծրագրի հետ պայմանավորվածություն կա, որ 5 դպրոցներում համալրվելու են ուսուցիչներ, դպրոցաշինության խնդիր կա, ուշադրություն ենք դարձնում այն դպրոցներին, որտեղ քիչ թվով աշակերտներ կան»,- հավելեց նա: