Պարզվել է, թե ինչպիսի մարզումներն են օգնում տարեցների հիշողության ամրացմանը
Հեծանվամարզասարքի վրա 20-րոպեանոց մարզումները կարող են բարելավել 60-ն անց մարդկանց հիշողությունը: Այովայի համալսարանի գիտնականների համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Medicine & Science in Sports & Exercise ամսագրում:
Մասնագետները վերլուծել են 60-ից մինչեւ 80 տարեկան 34 կամավորների առողջական վիճակը: Նրանք պետք է օրական 2 անգամ 20-ական րոպեով մարզվեին հեծանվամարզասարքի վրա: Գիտնականներն այնուհետեւ սքանավորել են փորձարկվողների գլխուղեղը, ինչպես նաեւ նրանց համար հիշողության թեստեր են անցկացրել:
Պարզվել է, որ անգամ 20-րոպեանոց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հիպոկամպում ակտիվություն է առաջացրել, որը մասնակցում է հիշողության համախմբման մեխանիզմներին, այսինքն՝ կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետին անցմանը:
Դրանից բացի, գրանցվել է հիպոկամպի, գագաթային բաժնի եւ նախաճակատային կեղեւի միջեւ կապի ուժեղացում, որոնք նույնպես պատասխանատու են հշողության եւ ճանաչողական պրոցեսների համար:
Այսպիսով՝ ամենօրյա ռեժիմով հեծանվի ոտնակների պտտումը չափազանց օգտակար է ոչ միայն օրգանիզմի վրա ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսակետից, այլեւ կոգնիտիվ ունակությունների բարելավման առումով: