Չեն մտածում եւ արտահայտվում են, թե վտանգավոր է, թե վտանգավոր չի. Ցոլակյանը՝ Սամվել Ալեքսանյանի մասին (տեսանյութ)
Չեն մտածում եւ արտահայտվում են, թե վտանգավոր է, թե վտանգավոր չի: Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, գործարար Սամվել Ալեքսանյանի այն դիտարկմանը, թե վտանգավոր նյութեր այդ պահեստում չկան:
Ցոլակյանն արձագանքեց, որ օրինակ լաքը վտանգավոր նյո՞ւթ է, թե ոչ, կամ կարող է մի տեղ գազի բալոն կա դրված, որի մասին բոլորը մոռացել են. «Հրշեջը կարող է մտնել ու պայթել: Չեն մտածում եւ արտահայտվում են, թե վտանգավոր է, թե վտանգավոր չի»:
Նրա խոսքով, ամբողջ Երեւանում ամեն քայլափոխի քաղաքաշինական նորմերի խախտումներ կան. «հրշեջները շենքի ամեն կողմից չէ, որ կարողանում են մոտենալ»:
ԱԻ նախարարն ասաց, որ ինքը մեկնելիս է եղել Խոսրովի անտառ, որտեղ եւս հրդեհ կա, բայց կեսից վերադարձել է. «Ես դուրս եկա աշխատանքից եւ գնում էի Խոսրովի անտառ, որպեսզի իմ աչքով տեսնեմ, թե այնտեղ ինչ է կատարվում: Վեդի էի հասել, երբ ստացա այս ահազանգը: Վեդիից ուղիղ եկել եմ այստեղ, տեսել եմ, թե ինչ էին անում փրկարարները: Դրանից հետո վերադարձել եմ աշխատանքի վայր, որովհետեւ կազմակերպչական լուրջ խնդիրներ կային:
Կապանում մեծ հրդեհ կար անտառային՝ 2-3 օջախներով: Գորիսում կար հրդեհ, Եղեգնաձորում, Խոսրովի անտառի հարակից տարածքում, Իջեւանում: Անտառային հրդեհների մասին եմ ասում, որոնք մասշտաբներ ունեն: Բոլոր հրդեհները հրշեջների աշխատանքի շնորհիվ մեկուսացված են, բացառություն այս հրդեհն է»,-ընդգծեց ԱԻ նախարարը»: