Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը մարվել է 5 օր անցմիայն (տեսանյութ և լուսանկարներ)
Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը մարվել է 5 օր անց միայն՝ այսօր ժամը 07:54-ին:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ էր բռնկվել։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր էին մեկնել եւս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ 5 ավտոսանդուղք:
Օգոստոսի 22-ին շարունակվել էին «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
Աշխատանքներին մասնակցում էին ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 մարտական հաշվարկ, 5 ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
«Ձյունիկ սառնարան» ընկերության շենքից հրշեջները դուրս էին բերել մի քանի հարյուր տոննա ապրանք :
Արդեն օգոստոսի 23-ին, ժամը 11:30-ի դրությամբ ««Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկում ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ (55 փրկարար), 4 ավտոսանդուղք էին իրականացնում հրդեհաշիջման աշխատանքներ: