Շիրակի պետհամալսարանը լուծարվո՞ւմ է
Շիրակի պետհամալսարանի դասախոսները պատրաստվում են օգոստոսի 20-ից հետո բնականոն հունով, ամեն տարվա պես գնալ համալսարան, ստանալ դասաբաշխումները, կազմելու են իրենց դասերը և սկսեն դասապրոցեսը։ Ամեն դեպքում, Շիրակի պետհամալսարանի դասախոսներից Գագիկ Համբարյանի խոսքով՝ բուհում նյարդային, լարված և սպասողական վիճակ է՝ պայմանավորված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիս ամսին 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Շիրակի պետհամալսարանում վատ բարոյահոգեբանական իրավիճակ է, և եթե այդպես շարունակվի, բուհը կա՛մ կլուծարվի, կա՛մ կմիավորվի այլ համալսարանի հետ:
«Ոչ մեծ խմբեր են ձևավորվել, որոնք բացառապես իրենց շահերով են ղեկավարվում: Ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ եթե իրավիճակը շարունակվի, ապա հարց կբարձրացվի լուծարման կամ այլ համալսարանի հետ միավորման, որի արդյունքում նոր խորհուրդ կձևավորվի, և հարցը կլուծենք։ Ես անձամբ 2 անգամ այցելել եմ տվյալ համալսարան և ամոթից գետինն էի մտնում, երբ տեսա, թե ինչպես են դասախոսներն իրենց անձնական հարաբերությունները պարզում: Դա պարզապես խայտառակություն է, որն անհրաժեշտ է շտկել»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։
Համբարյանի խոսքով՝ այս լարված նյարդային պրոցեսից զատ՝ ներկայումս բուհի նախկին ռեկտորների կողմից թույլ տրված չարաշահումների հիմքով 8 հարուցված քրեական գործ կա, դրանք տեղափոխվել են հատուկ քննչական ծառայության վարույթ, և քննությունը շարունակվում է։ Վերջերս էլ դատախազությունը հանդես եկավ տեղեկատվությամբ, որ քրեական գործ է հարուցվել նաև ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ՝ պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: