Հայաստանը ցույց տվեց իր ուժը Բաքվին
Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում արած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ Բաքվի այդ արձագանքը կանխատեսելի էր, հետաքրքիր է, որ Բաքվի այդ արձագանքին գրեթե սինքրոն արձագանքներ կան Հայաստանում: Դրանց հեղինակները շտապել էին հայտարարել, որ Փաշինյանի այդ արտահայտությունը Բաքուն կօգտագործի Հայաստանի դեմ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քնարկմանը մասնակցեցին քաղաքագետ Արկադի Վարդանյանը, վերլուծաբաններ Հակոբ Բադալյանը և Արմեն Հովհաննիսյանը:
Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ մի կողմից տարօրինակ է, մյուս կողմից՝ ոչ, որ Հայաստանում որոշ շրջանակներ մտավախություն ունեն, թե ՀՀ վարչապետի խոսքը Բաքուն կարող է օգտագործել Հայաստանի դեմ. «Տարօրինակ չէ այն իմաստով, որ թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանությունը և նրանց մերձակա շրջանակները ցանկացած առիթ օգտագործում են կորցրած դիրքերից իշխանությանը թիրախավորելու համար: Մյուս կողմից տարօրինակ է, որ այդ հայտարարությունները այդպիսի արձագանք են ստանում: Մենք 29 տարի շարունակ վարել ենք մի քաղաքականություն և առաջնորդվել ենք մի տրամաբանությամբ, որը Բաքուն «չէր օգտագործելու» մեր դեմ՝ այսինքն ասել ենք՝ պատրաստ ենք տարածքները հանձնել կարգավիճակի դիմաց և այլն, և այս քաղաքականությունը չպետք է Բաքվին խոսելու տեղ տար, բայց հակառակն է եղել… Ապրիլյան պատերազմը եղավ, բայց միջազգային կոշտ արձագանքի չարժանացավ, և դա հենց այդ քաղաքականության հետևանքն էր: Տարօրինակ է, որ Հայաստանը հիմա փորձում է դուրս գալ այդ ծուղակից, բայց Հայաստանից հնչում են նման արձագանքներ»:
Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ստեփանակերտում վարչապետի հայտարարությունները մեծ քայլ էին առաջ. «Այդ մասին է վկայում նաև Բաքվի ռեակցիան»:
Արկադի Վարդանյանի խոսքով, ըստ էության, ամբողջ աշխարհն է ընդունել, որ Ղարաբաղը Հայաստան է, որովհետև ցանկացած երկիր արցախցիները գնում են հայաստանյան անձնագրով: Քաղաքագետի կարծիքով՝ վարչապետի ելույթը բեկումնային է լինելու նաև դիվանագիտության ասպարեզում:
«Բաքուն փորձ է անում իրավիճակն օգտագործել, բայց Հայաստանի ուժը Բաքուն չի կարող օգտագործել,- ընդգծեց Հակոբ Բադալյանը:- Տարիներ շարունակ փորձել են մեզանում ամրապնդել մի գիտակցություն, որ սեփական շահի մասին բարձրաձայնելը վտանգավոր է: Սա առնվազն տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ մենք հաղթող կողմ ենք: Խնդիրը հանրության այս մտածողությունը փոխելն է»:
Արմեն Հովհաննիսյանը հավելեց. «Անընդհատ փորձել են մեզ փակուղի, անկյուն մտցնել: Ստեփանակերտում ես տեսա վարչապետի ազնիվ ճիգը ազգովին այդ անկյունից դուրս գալու»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ 1in.am