Ինչո՞վ է Մադուրոն «հանել» ԱՄՆ-ի աչքը. Մադուրոն հայտնել է, որ իր դեմ մահափորձը կատարվել է Բոլթոնի հրամանով
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե իր տրամադրության տակ ապացույցներ կան, որ մեկ տարի առաջ իր դեմ մահափորձը կատարվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կարգադրությամբ, բայց դրա հետ մեկտեղ հիմքեր չունի մեղադրելու անձամբ Դոնալդ Թրամփին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մադուրոյի դեմ մահափորձը կատարվել է 2018 թվականի օգոստոսի 4-ին: Ինչպես հայտնել էր Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը, Կարակասում շքերթի ժամանակ դեպի ամբիոն են ուղղվել պայթուցիկով մի քանի անօդաչուներ. այդ պահին այնտեղ էր նաեւ նախագահ Մադուրոն: Նրա խոսքով՝ Մադուրոյի դեմ մահափորձի ժամանակ վիրավորվել էին 7 գվարդիականներ, նախագահը չէր տուժել
«Մահափորձն իրագործելուց հետո մեկ տարի է անցել: Այսօր կարող եմ ասել, որ ես ապացույցներ ունեմ, որ մահափորձը կատարվել է Սպիտակ տնից Ջոն Բոլթոնի կարգադրությամբ… Ամեն ինչ տանում է դեպի Ջոն Բոլթոնը, որը քրեական մտածողություն ունի, մարդասպանի մտածողություն… Ես չեմ կարող մեղադրել նախագահ Թրամփին, այս պահին չեմ կարող, բայց բոլոր հիմքերն ունեմ խնդրելու կատարել Ջոն Բոլթոնի (գործողությունների) քննություն»,- ասել է նա ամերիկացի լրագրող Մաքս Բլյումենտալին:
Նախկինում Մադուրոն արդեն մեղադրել էր Բոլթոնին, որ նա է պատրաստել իր սպանության ծրագիրը: Դրանից բացի, նա հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի խորհրդականը «գլխավորում է Վենեսուելայի գործերին միջամտելու ահաբեկչական ծրագիրը»:
Քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել գործողությունների բոլոր տարբերակները՝ Մադուրոյին պաշտոնանկ անելու համար :