Պայմանագրային զինծառայող Արման Բուլղադարյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանին հետմահու պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ 2019թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Արման Բուլղադարյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հակառակորդի կրակոցից զոհված 24–ամյա Արմանը ՌԴ–ից վերադարձել էր ու անցել ծառայության :