Ի աջակցություն Ռուսաստանի հետ հարաբերությունների՝ Բաթումիում անցկացվել է հանրահավաք (տեսանյութ)
Կիրակի Բաթումիում տեղի ունեցած հանրահավաքի մի քանի հազար մասնակիցները պահանջել են Վրաստանի իշխանություններից բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները. ակցիան կազմակերպվել էր «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության կողմից քաղաքի կենտրոնական Էրա հրապարակում, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:
Ակցիայի հիմնական պահանջներն էին Սուխումի, Ցխինվալի եւ Մոսկվայի հետ երկխոսությունը Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ «Ազգային շարժումը» որպես «մեղավոր քաղաքական ուժ» հայտարարելու համար: Առաջադրված պահանջներից էին նաեւ Ռուսաստանի դեմ թշնամական հռետորությունից հրաժարումը, ռուս-վրացական հարաբերությունների վերադարձը, ինչպես ճգնաժամից առաջ էր:
«Մենք չենք ցանկանում թշնամական հարաբերություններ ունենալ ո′չ Մոսկվայի, ո′չ Ցխինվալի եւ ո′չ էլ Սուխումի հետ, սակայն դա չի նշանակում, որ ինչ-որ բան զիջում ենք: Դիվանագիտությունը խելացի բառ է, որը խաղաղաստեղծ է: Մենք ցանկանում ենք երկխոսել ե′ւ Մոսկվայի, ե′ւ Սուխումի, ե′ւ Ցխինվալի հետ: Մենք խաղաղ ու հանգիստ երկխոսության կողմնակից ենք, որը կբերի պրագմատիկ արդյունք: Մենք ոչինչ չենք զիջում ոչ ոքի, սակայն ցանկանում ենք խաղաղություն եւ դիվանագիտություն: Ցանկանում ենք խաղաղություն, որի համար պետք է աշխատել եւ պայքարել»,-ասել է կուսակցության առաջնորդ Դավիթ Թարխան-Մոուրավին: