Պրակտիկայում չեմ հիշում, որ դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվեր. ԲԴԽ նախագահ
Դատական պրակտիկայում չեմ հիշում, որ խուզարկության արդյունքում դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 19–ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը։
«Փաստաթղթերի, քաղաքացիական եւ քրեական գործերի առգրավում հիշում եմ, բայց պրակտիկայում չեմ հիշում, որ համակարգիչ առգրավի»,–ասաց նա։
Հարցին՝ դատավորի աշխատասենյակը խուզարկելուց առաջ ՀՔԾ-ն ԲԴԽ-ի ուղղված իրազեկման մեջ ի՞նչ էր նշել, Վարդազարյանը պատասխանեց, որ մի քաղաքացիական գործով «Դատական օրենսգրքի» 52 հոդվածի համաձայն՝ քննչական գործողություններ պետք է կատարվեն: Հիշեցնենք, որ այսօր դատավոր Գրիգորյանին հրավիրել էին ԲԴԽ՝ նրա աշխատասենյակում կատարված խուզարկության հարցով։