«Սևանի անվտանգության, լողափերում հենակետեր ստեղծելու, կահավորման հետ կապված խնդիր ունենք, թափուր աշխատատեղերի հայտարարություն ենք տալիս, որ սուզորդներ ընդունենք, մարդ չի գալիս». Ցոլակյան
Սևանի անվտանգության, լողափերում հենակետեր ստեղծելու, կահավորման հետ կապված մենք խնդիր ունենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Ես այսօր խմբեր եմ ստեղծում, ափերին հենակետեր եմ ստեղծում, մանավանդ արդեն երեք դեպք ունեցել ենք խեղդվելու, բայց «Սևան» ազգային պարկը ֆինանսական միջոցներ չունի: Իրենց վրա է դրված դա, ու այդ հարցերը պետք է լուծվեն»,-ասաց Ցոլակյանը:
Նա նշեց, որ իրենք ունեն մոտորանավակներ, անձնակազմ, որը քիչ է. «Սուզորդներ չունենք: Հայտարարություն ենք տալիս, որ սուզորդներ ընդունենք, մարդ չի գալիս: Աշխատավարձը 100 հազար դրամ է, ես երկու անգամ ավել եմ ասել կտամ մեր պարգևատրումների հաշվին: Նրանք աշխատելու են երեք օրը մեկ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 3 օրը մեկ աշխատանքի համար 200 հազար դրամ լավ է:
«Դա ես եմ խոստանում 200 հազար, իրականում 100 հազար է»,-ասաց Ցոլակյանը, ինչին Փաշինյանը կատակով արձագանքեց. «Լավ է, որ խոստանում եք: Խոստանում եք՝ տալու եք չէ՞»: