Ձևավորվել է աշխատանքային խումբ՝ էներգոհամակարգում տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով
Էներգետիկ համակարգում երեկ տեղի ունեցած խափանումներով պայմանավորված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր առավոտյան` Բելառուս կատարած աշխատանքային այցից վերադառնալուց անմիջապես հետո, խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ:
Նախարարի հրամանով փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ համակարգում վթարի պատճառով՝ հոսանքի անջատումներ են եղել։ Անջատվել էին Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը։ 12։45–ին հոսանքազրկվել էր նաև Երևանի մետրոպոլիտենը, որի հետևանքով 2 գնացքներ մնացել էին թունելներում։ Կարճ ժամանակում ուղևորներին տարհանել են, տուժածներ չկան։