Մտահոգիչ է, որ բուն պահանջ չի հնչեցվել հավաքի մասնակիցներին. Փաստաբանը՝ Քոչարյանի՝ ձերբակալված աջակիցների մասին
Այս պահին ոստիկանության կենտրոնականի բաժնում գտնվում են հավաքի 6 մասնակից, նրանց վերագրվում է վարչական իրավախախտման կատարում, մասնավորապես ոստիկանության ծառայողական օրինական պահանջի չկատարում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
«Մեզ համար մտահոգիչ է, որ բուն պահանջ այդպես էլ չի հնչեցվել հավաքի մասնակիցներին, բացի այդ ձերբակալվածների մի մասն էլ չեն եղել հավաքի մասնակից, ընդամենը ցանկացել են հատել ճանապարհը սահմանված մասով։ Այս պահին 6 հոգի են, թեեւ անհրաժեշտ գործողությունները կատարված են, բայց ազատ չեն արձակվում, կարծում եմ 3 ժամը լրանալուն պես բոլորն ազատ կարձակվեն»։
Հարցին՝ ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ անհրաժեշտ գործողությունները կատարված են, բացատրությո՞ւն են տվել, փաստաբանն ասաց. «Բացատրության կարիք չկա, քանի որ խաղաղ հավաք է եղել, որեւէ մեկին առանց պահանջ ներկայացնելու ձերբակալվել են, բացատրությունն այն էր, որ իրենք տեղյակ չեն, թե ինչի համար են ձերբակալվել»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբրետ Քոչարյանի աջակիցների եւ ոստիկանների միջեւ Թումանյան փողոցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերվել 6 քաղաքացի։