Պոզիտիվ դինամիկան Հայաստանում համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծել. Տուսկ
Պոզիտիվ դինամիկան Հայաստանում ԵՄ-ի հետ համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծել։ Այս մասին Երևանում մամուլի համար արված հայտարարությունում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
«Իմ այցը ապացույցն է այն բանի, որ ԵՄ-ը կարևորում է Հայաստանի և տարածաշրջանի հետ հարաբերությունները»,- ասել է Տուսկը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
Տուսկն ընդգծել է, որ քննարկման ընթացքում ընդգծվել է գործընկերության և հավակնոտ համաձայնագրի իրագործման արդյունավետությունը, որն աջակցում է Հայաստանի արդիականացմանը։ ԵՄ-ը կշարունակի տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ համաձայնագրի իրականացման համար, ավելացրել է նա։
Կողմերը նաև պայմանավորվել են օրենքի գերակայության, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության շուրջ։ Եվրոպական խորհրդի նախագահն ավելացրել է, որ ԵՄ-ը մեծ նշանակություն է տալիս արդյունավետ, հաշվետու դատական համակարգի ստեղծմանը։ «Ամուր դատական համակարգը հասուն դեմոկրատիայի, տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր տարրն է»,- ասել է նա։