Հայաստանի տարածքում կովկասյան ընձառյուծ խփելու տուգանքը կարող է ավելանալ 33 անգամ. նախարար
Օրինագծերի առաջարկված փաթեթով փոփոխություններ են մտցվելու կովկասյան ընձառյուծի որսի տուգանքի չափում։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, հուլիսի 9-ին ասել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նրա խոսքով, եթե նախկինում տուգանքը կազմում էր 3 մլն դրամ, ապա հիմա առաջարկվում է այն ավելացնել մինչեւ 100 մլն դրամ։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը, հանձին շրջակա միջավայրի նախարարության, այս օրինագծով, մասնավորապես, առաջարկում է. խստացնել ապօրինի ծառահատումների եւ ծառերի տեղափոխման համար նախատեսվող պատիժներն ինչպես սովորական ծառերի ու թփերի, այնպես էլ այն ծառերի համար, որոնք առհասարակ հատման ենթակա չեն։ Բացի այդ, օրինագծերի այս փաթեթով առաջարկվում է խստացնել համայնքների, պետության, ինչպես նաեւ մասնավոր անձանց սեփականություն համարվող տարածքներում բուսականության վնասման համար նախատեսվող պատասխանատվությունը։ Նման հանցագործության համար քաղաքացին կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով, կամ զրկվել որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ձերբակալություն մինչեւ երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում մինչեւ երկու տարի ժամկետով։
Այս հանցագործությունները կատարելու դեպքում, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, հանրապետության էկոհամակարգին էական վնաս պատճառելու շրջանակում, հատկապես կենդանական եւ բուսական միջավայրի՝ Կարմիր գրքի մեջ մտնող որոշակի տեսակներին վնաս հասցնելու դեպքում, եւ հաշվի առնելով դրա դիմաց որոշակի շահ ստանալու ցանկությունը, կարող են կիրառվել ավելի կոշտ միջոցներ։ Այս դեպքում կարգախախտները կարող են պատժվել նվազագույն աշխատավարձի 1000-2000-ապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկմամբ, կամ 5-7 տարի որոշակի գործունեության կատարումից զրկմամբ, կամ ազատազրկմամբ մինչեւ երեք ամիս ժամկետով, կամ 2-5 տարվա ազատազրկմամբ։
Առանձնակի խոշոր չափերի վնաս հասցնելու դեպքում կարգախախտին կարող է սպառնալ իրական եւ բավական երկարատեւ բանտարկություն։ Նա կարող է ճաղերի հետեւում հայտնվել 3-8 տարի ժամկետով։