Ո՞րն է Գեղարքունիքում կովերի անկման իրական պատճառը. մեկնաբանում է ՍԱՏՄ պետը
Գեղարքունիքի մարզում կովերի անկումը, նախնական վարկածով, խոնավ պայմաններում աճող, առվույտազգիների խոտերն ուտելու հետևանք է,- այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, News.am-ի հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Ավետիսյանն ասաց, որ իրենք հստակ պատճառը դեռ չեն կարող նշել, պետք է լաբորատոր փորձաքննություն անցկացնեն մասնագետները. «Նախնականով ուռածության, փքվածության խնդրի հետևանք է, որը կարող է առաջանալ շատ անձրևների, խոնավ պայմաններում աճող առվույտ ազգիների խոտեր ուտելուց, և անմիջապես հետո, ջուր խմելը»։
Գեորգի Ավետիսյանն ասաց, որ ինքն արդեն ճշտել է՝ այս կենդանիների սատկելը այս դեպքում անկում չի համարվում. «Համենայն դեպս, պատկերը կլինիկական նշան է, որը լինում է հիմնականում խոտերի և բույսերի ուտելուց հետո։ Կովի մսելիքը փրկելու համար սպանդ են իրականացրել, կամ տեսել են, որ կենդանին ուռել է ծակելով փրկել են»։
Հարցին՝ արդյոք կովերի սատկելը այս դեպքում պայմանավորված չէ Սևանա լճի կանաչավուն տեսք ունենալով, Ավետիսյանն ասաց. «Խոտը կերել է, և կապ չունի, հիմա ջուրը խմել է Սևանի՞ց, թե՝ այլ տեղից։ Վաղ է ասել՝ Սևանի ջրի հետևանք էր դա, թե՝ ոչ»։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում 4 սպանդի ենթարկած կով կա, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ 8։ Անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել է։
Քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Սևանա լճից ջուր խմելուց հետո կովերը սկսել են ուռել ու սատկել։