ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ հինգերորդ զեկույցը
ՀՀ ԱԳՆ-ում այսօր՝ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի համաձայն ներկայացվող Հայաստանի հինգերորդ զեկույցի քննարկումը՝ ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդում ներկայացված 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից։
«Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳՆ Մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը: Իր խոսքում նա անդրադարձավ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող այն քայլերին, որոնք բխում են մարդու իրավունքներին վերաբերող միջազգային, այդ թվում` փոքրամասնություններին առնչվող հատուկ նշանակության փաստաթղթերից, այդ թվում՝ ԵԽ ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան: Նա կարեւորեց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ապահովող ինստիտուցիոնալ համակարգը, մասնավորապես` ընդգծեց 2019թ. մայիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ուժի մեջ մտած Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի վերակազմավորման փաստը:
Քննարկմանը մասնակցում էր նաեւ Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին ԵԽ շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի՝ Հայաստանի փորձագետ Արայիկ Նավոյանը, ով ներկայացրեց Կոմիտեի աշխատանքը պետությունների կողմից զեկույցների պատրաստման եւ դրանց հետագա կիրարկման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչն անդրադարձավ Ազգային փոքրամասնությունների մասին ՀՀ օրենքի նախագծի մշակման հարցերին, ինչից հետո մանրամասն քննարկվեց զեկույցի նախագիծը եւ բանախոսները պատասխանեցին բարձրացված հարցերին:
Հանդիպման կազմակերպմանն աջակցություն էր ցուցաբերել ԵԽ երեւանյան գրասենյակը»,- նշված է հաղորդագրության մեջ: