Արարատի մարզում մայրուղու վրա գյուղմթերքների մեծածախ շուկան շահագործման կհանձնվի աշնանը
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները եւ Համաշխարհային բանկի պատվիրակությունը՝ տրանսպորտային մասնագետ Միցույոշի Ասադայի գլխավորությամբ, այցելել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնված եւ վերականգնման ընթացքի մեջ գտնվող ճանապարհահատվածներ։
ՀԲ պատվիրակությունը նախ եղավ Արարատի մարզի Մխչյան, Հովտաշեն եւ Նորամարգ համայնքներով անցնող 2,12 կմ երկարությամբ ճանապարհահատվածում, որը շահագործման է հանձնվել 2018թ. դեկտեմբերին։
Միցույոշի Ասադան դիտարկեց կատարված աշխատանքները։ Նշենք, որ կենսական նշանակության վերականգնված այս ճանապարհի հարեւանությամբ՝ 11 հա տարածքում, կառուցվում է գյուղատնտեսական մթերքների մեծածախ շուկա, որն ունենալու է պահեստներ, սառնարաններ, հյուրատուն, սուպերմարկետներ, տաղավարներ, փակ շուկա, վարչական շենք, այլ ենթակառուցվածքներ։
Այդ հատվածը գտնվում է Երեւանը, Վայոց ձորը, Սյունիքը, Արցախն Արարատյան դաշտավայրին կապող ամենակարճ ճանապարհի վրա, որտեղ գյուղացիները կարող են վաճառել իրենց արտադրանքը։ Տարածքը նախատեսվում է շահագործման հանձնել աշնանը, որպեսզի արդեն այս տարի գյուղացիները կարողանան իրացնել բերքը։
Նկատենք, որ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման նպատակն է հեշտացնել շուկաների եւ այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար։ Գյուղատնտեսական մթերքների մեծածախ շուկայի կառուցումն այս տարածքում վկայում է, որ ծրագիրը ծառայում է իր նպատակին։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները եւ Համաշխարհային բանկի պատվիրակությունը եղան նաեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում վերականգնվող Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ եւ Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն ճանապարհահատվածներում։ Շինաշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա մայիսին։ Այժմ իրականացվում են հողային պաստառի վերականգնման, մայթերի կառուցման նպատակով եզրաքարերի տեղադրման, բետոնե եզրաշարերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման նպատակով ջրթող խողովակների տեղադրման եւ այլ աշխատանքներ։ Շուտով կսկսվեն ճանապարհային հագուստի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։