Փաշինյանը նշել է Հայաստանի եւ սփյուռքի մասնագետների համագործակցության խորացման կարեւորությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է Հայաստանի եւ սփյուռքի մասնագետների համագործակցության խորացման կարեւորությունը: Ելույթ ունենալով այսօր հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի բացմանը՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում եւ Արցախում աշխատում են միջազգային մակարդակ ունեցող մասնագետներ, եւ շատ երկրների համար հայկական ծագում ունեցող մասնագետների գործունեությունն ու ձեռքբերումները հպարտության առիթ են տալիս:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը մշտապես զգացել է բժշկական միջազգային հանրության աջակցությունը, հատկապես՝ Սպիտակի երկրաշարժի եւ ղարաբաղյան պատերազմի տարիներին: Նա հիշեցրել է, որ այդ ժամանակ հարյուրավոր տեղի եւ արտասահմանցի բժիշկներ ինքնակամ իրականացրել են իրենց պրոֆեսիոնալ գործունեությունն ու օգնել տուժածներին: Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո եւս շարունակվել է աջակցությունը:
Փաշինյանը նշել է նաեւ, որ անհրաժեշտ է համակարգել Հայաստանի եւ սփյուռքի մասնագետների համագործակցությունը, ինչը թույլ կտա հասնել առավել զգալի արդյունքների: Նրա խոսքով՝ հանրապետությունը կարող է տեխնոլոգիական կենտրոն դառնալ, ինչը կանդրադառնա նաեւ առողջապահության ոլորտի վրա:
«ՀՀ կառավարությունը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ կյանքի կոչելու այդ ծրագիրը: Կառավարական համակարգում վերջին փոփոխություններն ուղղված են նման խնդիրների լուծմանը»,- նշել է վարչապետը:
Նշենք, որ համագումարն իր աշխատանքը կավարտի հուլիսի 6-ին: Այս տարի համագումարի աշխատանքին մասնակցում են մոտ 650 մասնագետներ Հայաստանից եւ սփյուռքից: Օտարերկրյա ամենամեծ թվով պատվիրակներ են ժամանել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից եւ Ֆրանսիայից։