Պայմանագրային նախկին զինծառայողը հանդիպել է Դավիթ Տոնոյանին
Պայմանագրային նախկին զինծառայող Մխիթար Ալումյանն այսօր՝ հուլիսի 3–ին, հանդիպել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, նախարարը խոստացել է զբաղվել նրա տան նորոգման եւ սեփականության հարցով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մխիթար Ալումյանը։ Նշենք, որ Մխիթար Ալումյանը երեկ երեկոյան դադարեցրել է 19–օրյա հացադուլը ՊՆ-ի դիմաց՝ պահանջելով նախարարությունից ուշադրություն դարձնել իր խնդրին։
5 երեխաների հայրն ապրում է Կոտայքի մարզի Քաղսի գյուղում։ Ալումյանների ընտանիքը ապրում է վթարային կարգի տանը, որի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ չունեն։
Նախկին զինծառայողի կարծիքով, ՊՆ-ն որոշել է զբաղվել իր խնդրով, քանի որ «Սասնա Ծռեր» կամավորական ջոկատը վերջերս դիմել էր Դավիթ Տոնոյանին, որ ուշադրություն դարձնեն իր խնդրին, հակառակ դեպքում՝ ջոկատի բոլոր անդամները միանալու էին իր հացադուլին։
«Նախարարի հետ հանդիպեցի, մարդավարի խոսեցինք։ Ես չեմ կարծում, որ այս անգամ էլ ինձ կխաբեն։ Այդ տունը, որտեղ մենք ապրում ենք, նախարարը խոստացավ, որ վկայական կհանեն, կսեփականաշնորհնեն, տան հողն էլ կօրինականացնեն իմ անունով, կտան ինձ։ Տունը հիմնովին կնորոգեն, գույքը կլցնեն, կտան ինձ։ Այսօր պետք է աշխատողներ գան մեր տուն ու սկսեն աշխատանքները։ Իրենք ուսումնասիրել եւ համոզվել են, որ ես ամբողջովին ճիշտ եմ ասում։ Իմ ներկայությամբ կապ հաստատեցին Կոտայքի մարզպետարանի հետ, թղթերն ուղարկեցին այնտեղ։ Մենք այդ տանն ուղղակի մնում ենք, ոչ մի նորոգման աշխատանք անելու իրավունք չունենք, չնայած դրա հնարավորությունն էլ չունենք»,- պատմեց նախկին զինծառայողը։
Ալումյանների ընտանիքում հաշմանդամություն ունեցող 2 երեխա կա, եւ ներկայումս երեխաները կնոջ հետ բուժվում են Գերմանիայում։
«Բողոքի ակցիաներ շատ-շատ եմ արել ՊՆ-ի դիմաց։ Սելավի ժամանակ հանել են դուրս, անձրեւի տակ են ժամերով կանգնեցրել, որ հանկարծ ծառայությանը չխանգարեմ։ 2 անգամ հոգեբանական ծառայություն են կանչել, փորձել են այնպես անել, իբր շեղումներ ունեմ։ Փորձեցին իրենց վրայից ցրեն, բայց մարդիկ եկան ստուգեցին ու փոշմանեցին իրենց մտացածից։ Հացադուլի ժամանակ էլ մի քանի անգամ ուշաթափվել եմ, շտապօգնությունն է եղել»,- ասաց Մխիթար Ալումյանը։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Մխիթար Ալումյանը սպառնացել էր ինքնահրկիզվել Պաշտպանության նախարարության դիմաց, սակայն նախարարը նրան խոստացել էր, որ տուն կտրամադրեն։