«Եթե գումարի հարցը չլուծեի, խնդիրներ կունենայի». ցուցմունք տվեց դատավորին կաշառք տված վկան
Դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց վկա Բենիկ Հարությունյանը։ Նա այն անձն է, որի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար Հեբոյանը 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել եւ 2019թ. մարտի 27-ին փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Բենիկ Հարությունյանը հայտնեց, որ իր վերաբերյալ քաղաքացիական եւ քրեական գործեր են քննվել Եղվարդի եւ Աբովյանի դատարաններում, իր գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք է դրված եղել։ Քաղաքացիական գործերից մեկն էլ ըստ վկայի՝ քննվել է դատավոր Հեբոյանի վարույթում։
«Շուրջ մեկ տարի տեւած գործի քննության ընթացքում ես հասկացա, որ իմ կողմից ներկայացված հայցը պետք է մերժվի։ Մոտեցա Հեբոյանին, ասացի՝ հասկանալի է, որ իմ հայցը կմերժվի։ Նշեցի, որ առողջական խնդիրներ ունեմ, ասացի եթե հնարավորություն կա՝ խնդրում եմ ինձ պետական տուրքից ազատել։ Դատավորը բացեց օրենսգիրքը, ասաց այդ կապակցությամբ միջնորդություն ներկայացրու դատարանին։
Հետագայում ըստ վկայի՝ դատավորը նրան առաջարկել է 3.5 մլն դրամ պետական տուրքից ազատելու դիմաց իրեն վճարի դրա կեսը։ Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ այդ գումարը սակարկվել է՝ դառնալով 2500 ԱՄՆ դոլար։
«Դատաքննությունն ավարտվել էր եւ Հեբոյանն իրավունք չուներ նոր միջնորդություններ ու փաստաթղթեր ընդունել, բայց ընդունեց իմ միջնորդությունը։ Ես հասկացա, որ եթե գումարի հարցը չլուծեմ, ապա իմ իմ մյուս գործերով եւս խնդիրներ կունենամ»,–ասաց նա։
Այնուհետեւ վկան պատմեց, որ մարտի 18–ին դարձյալ զրուցել է Հեբոյանի հետ.
«Հեբոյանն ասաց, որ եթե գումարը հիմա չես բերել, իմ հետ էլ առնչություն չունենաս, կբերես փաստաբանական գրասենյակ՝ կտաս Վահագին։ Մարտի 19–ին վերցրել եմ դատավճիռը, հասկացել եմ, որ այդ գումարը չեմ կարող վճարել։ Ինձ այլընտրանք չէր մնում, հասկանում էի, որ եթե այդ գումարը չվճարեմ՝ թե' քաղաքացիական, եւ թե’ քրեական գործերով ես պրոբլեմ կունենամ։ Դրանից հետո դիմել եմ ԱԱԾ։ Մարտի 25–ին ինձ հրավիրել են ԱԱԾ, հաջորդը օրը նրանց ուղեկցությամբ եկել եմ Եղվարդի դատարան»,–պատմեց վկան։
Նա նշեց, որ դատարանում մի երիտասարդ իրեն ասել է՝ գնա փաստաբանական գրասենյակ այնտեղ քեզ սպասում են.
«Գնացի Վահագի գրասենյակ, մի կին կար, ասաց ի՞նչ հարցով եք, ասացի Հաբոյանն ինձ լավություն է արել՝ պետական տուրքից ազատել է, պետք է գումար փոխացեմ, հարցրեց ի՞նչ գումար, ասացի՝ կաշառք է։ Հարցրեց, թե ո՞ր քաղաքացիական գործն է, բացեց ՝ նայեց, ասաց պետական տուրքի հետ կապված խնդիր ունեք, ասացի՝ չգիտեմ կաշառք է, թե՞ պետական տուրք։ Կինն ասաց Վահագը հաջորդ օրը կգա։
Հունիսի 27–ին հանդիպեցի Վահագին՝ ասաց՝ մեքենայի դուրռը բաց է՝ տար, գումարը գցիր մեքենայի մեջ, ես էլ տարա՝ գցեցի մեջը»,–պատմեց վկան։
Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել եւ 2019թ. մարտի 27-ին փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: