«Արձագանքը լինելու է տասնապատիկ ավելի ուժեղ: Այդ արձագանքը եղել է, երբ մենք իշխանություն չենք եղել, որևէ մեկից չենք վախեցել, դուք հիմա պատկերացրեք, թե դրա արձագանքը ոնց ա լինելու». Ալեն Սիմոնյան
Ինչու է «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչն իրեն էդպես պահում. վայել չի նման պահվածքը, նիստի ընթացքում բղավում եք, ընդհատում եք ելույթ ունեցողին: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախօրեին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում արված հայտարարությանը և դրա այսօրվա արձագանքներին: Մասնավորապես, Մարուքյանը խոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին անվանել էր «սիրուն աղջիկ», իսկ կառավարությանը՝ «փայլուն կառավարություն»:
Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Իմ քայլը» դաշինքն 88 պատգամավոր ունի, որևէ մեկը չի բղավում, կամ եթե նման բան է լինում, դրա արձագանքը լինում է: Մի արեք այդպես: Խոսքը ոճաբանության մասին է: Դա ի՞նչ խոսելու ձև ա: Գալիս այստեղ ատելության մթնոլորտից եք խոսում: Հենց այստեղից է սկսվում, երբ որ ծաղրում ենք, հեգնում ենք: Էնքան հեգնեմ սաղին, որ որևէ մեկին պակաս չթվա:
Էդ ինչ ձև է. Պետրոսյան Գևորգը գալիս էստեղ կանգնում ասում է՝ ավելի լավ ա տղեն տղուն կոմպլիմենտ անի՞: Սա ի՞նչ խոսելու բան է: Դա էդ թեմայի մե՞ջ էր, հա՞»:
Տեղից Գևորգ Պետրոսյանն սկսեց ինչ-որ բան բղավել, ինչին Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Մի արձագանքեք տեղից և մնացեք պատգամավորին վայել չափի մեջ: «Դու» չի, «դուք» ա: Ժամանակին վեր եք կենում ասում եք՝ դուք ի՞նչ պատգամավոր եք, ես էնքան փորձ ունեմ: Էդ ի՞նչ փորձի մասին է խոսքը: Էս դահլիճում հոկտեմբերի 2 կազմակերպելու մասի՞ն է խոսքը, թե՞ այս խոսակցության մեջ տղեն տղուն գեղեցիկ ասելու մասին է խոսքը: Բոլորը թող մնան պատգամավորին վայել չափանիշերի մեջ: Դահլիճում գոռում, ելույթ ունեցողի հետ հավասար խոսում եք: Մի արեք տենց բան: Արձագանքը լինելու է տասնապատիկ ավելի ուժեղ, թող ոչ ոք չկասկածի: Այդ արձագանքը եղել է, երբ մենք իշխանություն չենք եղել, որևէ մեկից չենք վախեցել, դուք հիմա պատկերացրեք, թե դրա արձագանքը ոնց ա լինելու»:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ.am-ը հաղորդեց, որ ԱԺ-ում իրավիճակը անհանգիստ է, լեզվակռիվն ԱԺ-ում շարունակվում է