Նա հաշվառված հոգեկան հիվանդ է. Երասխահունի գյուղապետը հերքում է, թե ծեծել է համագյուղացուն
Երասխահուն համայնքի ղեկավար Արմեն Ավիտսյանը հերքում է տեղեկությունները, թե ինքը ծեծի է ենթարկել իր համագյուղացի Ջանգիր Ասադյանին:
Գյուղապետը News.am-ի հետ զրույցում նշել է, որ ինքը հունիսի 18-ին նույնիսկ Երևանում չի եղել, այլ գտնվել է Արմավիրում:
Նա ընդգծել է, որ տուժած քաղաքացին հոգեկան խնդիրներ ունի. «Ինքը հաշվառված հոգեկան հիվանդ է: Հարևանների հետ անընդհատ վիճում էր, ես էլ տեսել եմ, ասել եմ՝ «քեզ հանգիստ պահի, տղա»: Դրանից հետո էլ իրեն չեմ տեսել: Ու հանկարծ կայքերում տեսնում են, որ իբր ես Երեւանում իրեն ծեծել եմ, շուն եմ վրա տվել եւ այլն»,-ասաց գյուղապետը:
Նա տեղեկացրեց, որ ինքն արդեն խոսել է տուժածի որդու հետ եւ վերջինս հայտնել է, որ երեւի գյուղում է կռիվ արել ու վնասվածքներ ստացել. «Իր վրա իսկապես շան կծածի հետքեր եղել են: Հիմա գյուղում է, բայց տեղը չգիտեն»,-ընդգծեց գյուղապետը:
Ավելի վաղ Operativ.am-ը հայտնել էր, որ հունիսի 18-ին Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, շան կծած վերքեր, նստային ձախ կեսի սալջարդ, ազդրի միջին երրորդականի շրջանի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: