Ինչո՞ւ են ԴԱՀԿ վարույթները 2018-ին ավելի քան երկու անգամ աճել. Զեյնալյանը պարզաբանեց
ԴԱՀԿ-ի կատարողական վարույթների թիվը 2018-ին եղել է 2,7 մլն, մինչդեռ 2017-ին նույն ցուցանիշը եղել է 1,2 մլն: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նրա խոսքով, կարճված վարույթների քանակը 2017-ին եղել է 220 հազար, իսկ 2018-ին՝ 4 անգամ ավելի՝ 1,7 մլն:
Ի պատասխան արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ 2018-ին իրականացրել են վարչական համաներում եւ այդ վարույթների կարճումը պայմանավորված է դրանով: Նրա խոսքով, վարույթների քանակն իսկապես բազմապատկվել է եւ այստեղ իրենք արդյունավետության խնդիր ունեն կապված հարկադիր կատարողների թվի հետ:
«Վարչական անբողոքարկելի ակտերը նույնպես գնում են հարկադիր կատարման եւ ահռելի մեծ աշխատանք է կատարվում այս ոլորտում»,-ընդգծեց նախարարը: