«Վարչապետը բազմիցս ասել է, ես էլ եմ կրկնում, մենք ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ». Ա. Սարգսյանը ոչ մի կերպ չէր ցանկանում պատասխանել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին
«Ես համոզելու մի քանի ձև գիտեմ, հետո ձեզ կբացատրեմ»: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաճողովի» ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես իրեն հաջողվեց մշտապես Ֆրանսիայում անցկացվող այս գագաթնաժողովը բերել Հայաստան:
Նա ոչ մի կերպ չէր ցանկանում պատասխանել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին:
Դիտարկմանը, որ ինքը կարծեք թե միայն իր սեփական օրակարգով է շարժվում՝ կառավարությունից առանձին, նան արձագանքեց, որ դա միայն լրագրողի կարծիքն է:
Հարցին, թե իր քայլերը, գործողությունները համաձայնեցնո՞ւմ է վարչապետի հետ, Արմեն Սարգսյանն ասաց. « Վարչապետը բազմիցս ասել է, ես էլ եմ կրկնում, որ մենք ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ»:
Լրագրողները փորձեցին հարցեր տալ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, դատական համակարգի մասին, սակայն ՀՀ նախագահը չպատասխանեց՝ նշելով. «Ես ամեն հարցի իր ժամանակ ճշգրիտ պատասխաններ կտամ: Խորհուրդ կտամ նախագահի հայտարարությունները շատ ուշադիր կարդաք, որովհետեւ ես մասնագիտությամբ ֆիզիկոս ու մաթեմատիկոս եմ եւ ինչ գրում եմ, գրում եմ մաթեմատիկական բանաձեւի ճշգրտությամբ:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները դժգոհ են իրենից, ասում են՝ նախագահը չի իրացնում իր լիազորություններն ամբողջությամբ, Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Ես չեմ եկել նախագահի աշխատանքը կատարելու, որ բոլորն ուրախ լինեն: Եկել եմ, որ ծառայեմ մեր երկրին, պետությանը, մեր ժողովրդի ապագային եւ ձեզ»: